Հարգելի ընթերցողներ,

Այսօր մենք ականատես ենք արյունաբանության և փոխներարկաբանության սրընթաց զարգացման, որը թույլ տվեց ամբողջովին փոխել մինչ այդ չբուժվող և մահացու շատ հիվանդությունների կանխատեսումը: Թերևս այդ առաջընթացն անհնարին կլիներ առանց մոլեկուլային կենսաբանության, գենետիկայի, դեղաբանության, կենսաքիմիայի, մանրէաբանության, համակարգչային տեխնոլոգիաների նոր նվաճումների:

«Արյուն» ամսագիրը տպագրում է տեսական և կլինիկական հետազոտություններ, գրական ակնարկներ և գործնական արյունաբանության և փոխներարկաբանության տարբեր խնդիրներին վերաբերող առանձին դեպքերի վերլուծություններ: Ամսագիրը լուսաբանում է իմունահեմատոլոգիայի, արյան պահածոյացան ժամանակակից մոտեցումները, դոնորության, արյան ծառայության, արյան բաղադրամասերի և պատրաստուկների ստացման և տարբեր հիվանդությունների ժամանակ կիրառման խնդիրները: Ամսագրի հայեցակարգի հիմքում է նաև հիմնարար հետազոտությունների ու գիտագործնական արյունաբանության և փոխներարկաբանության միջև կապի ապահովումը: Ամսագրում տպագրվում են ինչպես արյան համակարգի հիվանդությունների, այնպես էլ ոչ արյունաբանական հիվանդությունների (ներքին հիվանդություններ, թունավորում, իոնացնող ճառագայթների ազդեցություն և այլն) պատճառագիտության, ախտածնության, կլնիկական ընթացքի և բուժման վերաբերյալ բնագիր նյութեր:

Հոդվածների որակի վերահսկումը իրականացնում է արհեստավարժ գրախոսների անձնակազը, խմբագրական խորհուրդը և կոլեգիան, որի կազմում ընդգրկվել են ինչպես մեր երկրում, այնպես էլ դրա սահմաններից դուրս անվանի և հարգված մասնագետներ:

Ամսագիրը նախատեսված է արյունաբանների, փոխներարկաբանների, բժիշկ-լաբորանտների, թերապևտների, արյան համակարգի ախտաբանության խնդիրներով հետաքրքրվող այլ բժիշկ-կլինիցիստների, ինչպես նաև ֆիզիոլոգների, կենսաքիմիկոսների և հիմնարար գիտությունների այլ ներկայացուցիչների համար:

Հայաստանի Բարձրագույն որակավորման հանձնաժողովի որոշմամբ «Armenian Journal of Blood and Cancer» ամսագիրը ներառված է դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում:

Հրավիրում ենք մեր բոլոր հեղինակներին շարունակելու համագործակցությունը, սպասում ենք հետաքրքիր և արդիական հոդվածների: Հրավիրում ենք համագործակցության նաև երիտասարդ բժիշկ-գիտնականների՝ զինված ժամանակակից գիտելիքներով, նոր գաղափարներով, որոնք պատրաստ են կոտրել գիտության ոլորտում ձևավորված կարծրատիպերը:

Վստահեցնում եմ, որ խմբագրության անձնակազմը իր հերթին ջանքեր կգործադրի Հայաստանի բժշկագիտության բնագավառում «Armenian Journal of Blood and Cancer» ամսագիրը պատշաճ կերպով ներկայացնելու համար:

«Արյուն» ամսագրի գլխավոր խմբագիր

բ.գ.դ. Սմբատ Սարգսի Դաղբաշյան